HomeAbout UsToursNews or ReviewsVideo GalleryPhoto GalleryPartnersContact UsMapArmenia
Rules &  RegulationsArmenia/JermukMoscow-Saint Petersburg-ArmeniaInterview-ArticlesRussian

Հարցազրույց Համբիկ Մարտինյանի հետ

Փողը կարո՞ղ է երջանկացնել մարդուն:
-Փողը միջոց է ապրելու համար և կարող է նաև երջանկացնել մարդուն, իսկ օրինակ տգետներին այն կարող է դժբախտացնել:
-Եթե ամենակարող լինեիք ի՞նչ կանեիք:
-Ցուցադրական ելույթ չեմ ուզում ունենալ, բայց մարդկանց շատ լավություններ կանեի:
-Հավատու՞մ եք Աստծուն:
-Իհարկե այո: Բայց միայն` Աստծուն:
-Սիրու՞մ եք խոհանոցը: Կա՞ մի այնպիսի ուտեստ, որ հաճույքով պատրաստում եք:
-Շատ եմ սիրում և շատ ուտեստներ կան, որ ինքս եմ պատրաստում, առանձնապես լավ եմ պատրաստում ձուկը: 
-Ժողովրդական ո՞ր ասացվածքն եք սիրում:
-Սեղանդ միշտ հաց լինի, դուռդ միշտ բաց լինի, հացդ կիսող լինի:
-Ինչու՞ Հայաստանում չեք ապրում:
-Որովհետև կյանքիս մեծ մասը, բախտի բերմամբ, թե պատահմամբ, ապրել եմ այստեղ և այսօր շատ բաներ կան ինձ այստեղ պահող, առաջին հերթին երեխաներս և թոռներս: Միակ պատճառը դա է:
Հակառակ դեպքում ես Հայաստանը շատ եմ սիրում, անչափ շատ, իսկ ով Հայաստանը չի սիրում` իմ անձնական թշնամին է: 
-Ի՞նչ պաշտոն առաջարկեն Ձեզ, որ մեկնեք Հայաստան բնակության:
-Մի քանի տարի առաջ ինձ նույնիսկ առաջարկել են Հայաստանի նախագահի խորհրդականի պաշտոնը, սակայն ես չեմ համաձայնվել:
-Ո՞րն է Ձեր սիրած պոետը, երգիչը և նկարիչը:
-Սևակ, Սալվադորե Ադամո և Այվազովսկի:
-Ո՞րն է սիրո հոմանիշը:
-Բարձրագույն հարգանքը անձի նկատմամբ:
-Եթե հնարավոր լիներ նորից սկսել կյանքը, նորից կզբաղվեի՞ք նույն գործով:
-Անկասկած այո, և մեծամտություն թող չթվա` այսօր էլ Լոս -Անջելեսում չեմ տեսնում որևէ մեկին ինձ փոխարինող, որ օրինակ կարողանամ գործը հանձնեմ և հեռանամ:
-Մարդկանց մեջ ի՞նչն եք ատում:
-Միանշանակ կեղծիքը:
-Դուք նյութապես Ձեզ հարուստ մարդ համարու՞մ եք:
-Ոչ: 
-Կա՞ մի բան, որի վրա ափսոսանքով, բայց ստիպված գումար եք ծախսում:
-Այո, որոշ մարդկանց օժանդակությունը: Խոսքը այն օժանդակության մասին է, որը երբեք իր նպատակին չի ծառայում: Այսինքն, երբ իմ տված փողով փորձում են բարերարի դեր խաղալ: Կարծում եմ նման դեպքերում բարերարը անձամբ ես եմ, այլ ոչ թե այն երրորդ անձը, որը փորձում է այդպիսին երեվալ իմ փողով:
-Կա՞ մի բան, որ երազել եք ունենալ, բայց Ձեր ֆինանսական վիճակը թույլ չի տվել:
-Ոչ, չկա:
Ամենաթանկ իրը, որ Ձեր համար գնել եք ո՞րն է եղել և եթե գաղտնիք չէ` ի՞նչ արժեք է ունեցել:
-Ես ինքս ինձ համար չեմ գնել: Տղաս է ինձ նվիրել ժամացույց քսանվեց հազար դոլար արժողությամբ:
-Ձեր մասին բամբասանքներին ինչպե՞ս եք վերաբերվում:
-Ընդունում եմ որպես մեծարում:
-Բնավորությամբ ագրեսի՞վ եք, ավելի կոնկրետ` կռվարա՞ր եք:
-Ոչ, սակայն եթե ոտքս տրորեն Ձեր նշած հատկանիշները, մի բան էլ ավելին, ի հայտ կգան: Սակայն ես ինքս ոչ մեկին անտեղի չեմ նեղացնի:
-Ո՞րն է վերջին գիրքը, որ ընթերցել եք:
-Հնագույն պատմության առեղծվածները:
-Ո՞ր ֆիրմային հագուստներն եք նախընտրում:
- HUGO BOSS:
- Ո՞րն է Ձեր ամենասիրած ուտելիքը:
-Ցանկացած ձկնեղենը:
-Երբ բարկացած եք լինում, ինչպե՞ս եք փորձում հանգստացնել Ձեր զայրույթը:
-Տանից դուրս եմ գալիս ավտոմեքենայով, մի փոքր շրջում եմ, հետո` վերադառնում տուն:
-Ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
-Ընտանիքս և երեխաներս:
-Եթե հնարավորություն տրվեր հավերժ ապրելու կօգտվեի՞ք այդ հնարավորությունից:
-Ոչ: Շատ ավելի մեծ ցավ կապրեի ապրելով, քան` չապրելով: Ես երեխաներ ունեմ: Ո՞նց եք պատկերացնում` ես լինեմ, երեխաներս չլինեն:
-Եթե հնարավորություն լիներ հետ տալ ժամանակը, ո՞ր տարիքում կցանկանայիք հայտնվել կրկին:
- Յուրաքանչյուր մարդ կյանքում մի նպատակ ունի: Իմ նպատակն է եղել ունենալ լավ ընտանիք և դաստիարակված երեխաներ: Հիմա այն ես ունեմ և ոչ մի տարի չեմ ուզի հետ տալ, որովհետև իմ նպատակին հասել եմ:
-Եթե հնարավորություն լիներ փոխել ինչ որ բան, ինչը՞ կցանկանաիք փոխել:
- Գոհ եմ իմ ապրած կյանքից: Ոչինչ չեմ ցանկանա փոխել:
- Եթե կարողանաիք որևէ մեկի հետ (աստղ, մուլտֆիլմի հերոս, նկարիչ, գրող) կարճ ժամանակով տեղերով փոխվել, ովքե՞ր կլինեին այդ հերոսները:
-Եթե գրող, ապա` Չարենցի: Եթե նկարիչ, ապա` Այվազովսկու: Եթե մուլտֆիլմի հերոս, ապա` Կորցրած երազը մուլտֆիլմի հերոս` պապիկի: Եթե կինոաստղ, ապա` Մհեր Մկրտչյանի:
-Եթե Ձեր մասին գիրք գրվեր, ինչ եք կարծում, ինչ-պիսի՞ վերնագիր այն կունենար:
- Մեր Համբիկը, որովհետև ես բոլորինն եմ և բոլորը իիմն են:
-Եթե ոսկե ձկնիկ բռնեիք, ի՞նչ երեք ցանկություն կխնդրեիք նրանից:
-Առաջինը` իմ ազգին վերջնական խաղաղություն և բարվոք կյանք: Երկրորդը` իմ ընտանիքին, երեխաներին և թոռներին առողջություն և բարօրրություն: Եվ երրորդը` համայն հայությանը միաբանություն:
-Ինչպե՞ս կնկարագրեիք ինքներդ Ձեզ:
-Ցանկացած մարդ իրեն պատկերացնում է որպես դրական կերպար: Ես էլ ինքս ինձ դրական կնկարագրեի:
-Ո՞րն է Ձեր հոբբին:
-Իմ հոբբին հենց իմ աշխատանքն է:
-Դուք Ձեզ երջանիկ մարդ համարու՞մ եք:
-Միանշանակ այո:
-Ո՞ր հատկանիշներն եք առավել կարևորում մարդկանց մեջ:
-Հումորն ու անկեղծությունը: Մարդուն կարելի է ճանաչել նրանով, թե նա ինչի վրա է ծիծաղում:
-Երբևէ, ինչ որ մեկին հեռացրե՞լ եք աշխատանքից, (ինչու՞):
-Հիմա կոնկրետ չեմ հիշում, բայց եթե այո, ապա միայն կեղծիքի համար:
-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ առավելությունը:
-Պարզությունն ու անկեղծությունը:
-Ինչպիսի՞ մարդկանց հետ չեք կարող ընկերություն անել:
-Երկերեսանի և քողարկված:
-Ինչը՞ կարող է Ձեզ բարկացնել:
-Չեմ ուզում կրկնվել, բայց նորից պետք է ասեմ` կեղծիքը:
-Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:
-Սերը` դեպի իմ ազգը:
-Եվ վերջում ինքներդ Ձեզ տվեք մի հարց, որը ես չտվեցի և պատասխանեք:
Դուք ինձ չհարցրեցիք, թե ի՞նչ երգ-երաժշտություն եմ սիրում: Անչափ շատ եմ սիրում Գետակի վրա թեքվել է ուռին երգը, որի հեղինակն է Դանիել Ղազարյանը:

Հարցազրույցը վարեց` Արմեն Ոսկերչյանը